Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Կալինը հայտարարել է, որ Գերմանիայի հատուկ ծառայությունների կասկածները քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենի ռազմական հեղաշրջման փորձին առնչության վերաբերյալ վկայում են, որ Բեռլինն աջակցել է հեղաշրջման կազմակերպմանը: Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության պետ Բրունո Կալը Spiegel-ին տված հարցազրույցում ասել էր, որ իր գերատեսչությունը՝ Գյուլենի և նրա կողմնակիցների ռազմական հեղաշրջմանը առնության որևէ ապացույց չունի:
«Թուրքիան փորձում է բոլոր մակարդակներում մեզ համոզել դրանում, բայց մինչև այսօր դա չի հաջողվել»՝ հայտարարել է Կալը: Կալինի խոսքով՝ այդ մեկնաբանությունները ապացուցում են Գերմանիայի աջակցությունը պետական հեղաշրջմանը: Գերմանիայի ու Թուրքիայի հարաբերություններում լարման հերթական փուլը սկսվեց, երբ Գերմանիան անվտանգության նկատառումներով բեկանեց երկու հանրահավաքները թուրք նախարարների մասնակցությամբ: Թուրքիայի իշխանությունները փորձում են ստանալ Եվրոպայում ապրող թուրքերի աջակցությունը նախագահի լիազորությունները մեծացնող հանրաքվեից առաջ: Կալինն ասել է, որ բացառված չէ՝ Թուրքիայի իշխանությունները փորձեն ևս մեկ հանրահավաք կազմակերպել Գերմանիայում ապրիլի 16-ի հանրահավաքից առաջ: Այդ փորձը կմեծացնի լարվածությունը երկու երկրների առանց այդ էլ լարված հարաբերություններում: Ավելի վաղ Ավստրիայի, Հոլանդիայի և Շվեյցարիայի իշխանությունները նույնպես արգելել են թուրք պաշտոնական դեմքերի ելույթները թուրք քաղաքացիների առաջ իրենց երկրներում: Ի պատասխան Էրդողանը եվրոպական երկրներին մեղադրել է նացիստական մեթոդներ օգտագործելու մեջ:
BBC
Հ.Գ. Էրդողանը ոչ միայն ԵՄ-ին նացիզմի մեջ մեղադրեց: Նա կոչ արեց եվրոպաբնակ թուրքերին նվազագույնը հինգ երեխա ունենալ, լավագույն տներում ապրել, ճաշել լավագույն ռեստորաններում, լավագույն ավտոմեքենաները վարել ու լավագույն հագուստները հագնել և հայտարարեց, որ թուրքերն են ԵՄ-ի ապագան, մի քանի տասնամյակ հետո նրանք կգրավեն Եվրոպան իրենց թվով: Սպառնալիք, որ քաղաքակիրթ Եվրոպայի համար միջուկային զենքից հզոր է, եթե թուրքերը լսեն իրենց նախագահին: Իսկ երեկ 30 հազար քրդեր Մայնի Ֆրանկֆուրտում բողոքի հանրահավաք են արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի իրավասությունների մեծացման դեմ: Բողոքի ակցիան մարտի 21-ի նախօրեին է՝ արևային օրացույցով նոր տարվա նախօրեին, որ նշում են նաև քրդերը: Էրդողանի մամլո քարտուղար Իբրահիմ Կալինը անթույլատրելի համարեց ակցիայի ժամանակ Քրդիստանի աշխատավորական կուսակցության խորհրդանիշների ցուցադրությունը, որ արգելված է Թուրքիայում, ահաբեկչական կազմակերպություն է համարվում ԵՄ-ում ու ԱՄՆ-ում: «Մենք ևս մեկ անգամ հիշեցնում ենք եվրոպական երկրներին՝ ապրիլի 16-ին որոշում ընդունելու է թուրք ազգը, այլ ոչ թե Եվրոպան»՝ հայտարարել է Իբրահիմ Կալինը: Թուրքիայի կյանքում ավտորիտար միտումների ուժեղացումը աննախադեպ խզում առաջացրեց ԵՄ-ի հետ հարաբերություններում: Հատկապես սրվեցին Անկարայի ու Ամստերդամի հարաբերությունները, երբ Հոլանդիան արգելեց երկու թուրք նախարարների մուտքը երկիր: Թուրքիայի սահմաններից դուրս ապրում է ձայնի իրավունք ունեցող 5,5 միլիոն թուրք և Անկարան ջանում է նրանց իր դաշնակիցը դարձնել: Էրդողանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին մեղադրեց ահաբեկչության աջակցության մեջ՝ մոռանալով, թե կանցլերն ինչպես էր իրեն աջակցում խորհրդարանական ընտրություններում: Մերկելի քարտուղարությունը մեղադրանքը աբսուրդ որակեց: «Թուրքիան ԵՄ անդամակցությունից հեռացել է ավելի, քան երբևէ»՝ նկատեց Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը: Հանրաքվեում հաջողության դեպքում Էրդողանը հնարավորություն է ստանում նշանակել նախարարներին ու դատավորներին՝ շրջանցելով Ազգային մեծ ժողովը և ազատ տնօրինել բյուջեն: Այդպիսի Էրդողանի հետ խոսակցությունը ԵՄ-ի ու Արևմուտքի համար շատ ավելի դժվար է լինելու, ուստի իրականում արժի, որ եվրոպացիները պայքարեն Թուրքիայի Սահմանադրությունը փոխելու դեմ՜ հրաժարվելով իրենց ավանդական տոլերանտությունից ու բազմամշակութայնության հույսերից:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ